National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.06.2023
Ազգային ժողովի բյուջեն կատարվել է 97 տոկոսով. ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
1 / 1

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է ՀՀ ԱԺ 2022 թվականի բյուջեի կատարողականը, ներկայացվել են ֆինանսական ու արդյունքային ցուցանիշներ:

ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6 մլրդ 262 մլն դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ: Արդյունքում՝ ՀՀ Ազգային ժողովի ճշտված բյուջեն 5 միջոցառումների գծով կազմել է 6 մլրդ 218 մլն դրամ, դրամարկղային ծախսը` 6 մլրդ 029 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 97,0 տոկոսով` հաստատված բյուջեի եւ դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 232,0 մլն դրամ, որն էլ վերադարձվել է պետական բյուջե. այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հաշվետու տարում «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 5 մլրդ 426 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 5 մլրդ 255 մլն դրամ, բյուջեն կատարվել է 96.9 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում տնտեսվել է 170.5 մլն  դրամ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման բյուջեն կազմել է 1.2 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 270.000 դրամ, վերապատրաստվել է 36 պետական ծառայող, բյուջեն կատարվել է 21.4 տոկոսով: Ծախսերը կատարվել են փաստացի վերապատրաստված պետական ծառայողների թվին համապատասխան, որի արդյունքում տնտեսվել է 990.100 դրամ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 176 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 159.6 մլն դրամ, բյուջեն կատարվել է 90.7 տոկոսով, տնտեսվել է 16.3 մլն դրամ:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 510.6 մլն  դրամ, դրամարկղային ծախսը՝ 510.6 մլն դրամ, բյուջեն կատարվել 100 տոկոսով:

Վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 72.9 մլն դրամ, որն Ազգային ժողովի հատկացումների ներքին հոդվածային վերաբաշխման արդյունքում ավելացել է 31.0 մլն դրամով, եւ ճշտված պլանը կազմել է 103.9 մլն դրամ, իսկ դրամարկղային ծախսը` 103.4 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99.5 տոկոսով:

Ներկայացնելով արդյունքային ցուցանիշներ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվետու տարում շրջանառության մեջ դրված նախագծերի կամ նախագծերի փաթեթների ու միջազգային պայմանագրերի թիվը եղել է 320, ԱԺ ընդունած օրենքների եւ որոշումների թիվը՝ 965: Օրենքների եւ որոշումների նախագծերի մասնագիտական փորձաքննության անցկացման եւ եզրակացությունների պատրաստման թիվը 2282 է եղել, «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությանը՝ 36: Դավիթ Առաքելյանի խոսքով մեծացել է ԱԺ պաշտոնական կայքէջից օգտվողների թիվը՝ կազմելով 1 մլն 535 հազար 508 դիտորդ: Քաղաքացիներից ստացվել է 1658 նամակ, խորհրդարանում ընդունել են 205 քաղաքացու:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱԺ աշխատակազմը հաջողությամբ համագործակցել է մի շարք առանցքային միջազգային գործընկերների հետ: Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Կանադական խորհրդարանական կենտրոնի, Գերմանական GIZ եւ Եվրամիության Թվինինգ ծրագրերի շրջանակում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am